Հայերը ժպտերես չեն: Մեր ազգային նկարագրում կարելի է օգտագործել բազմաթիվ դրական ածականներ, բայց, ցավոք, ոչ այս մեկը:
Մենք միշտ շտապում ենք ինչ-որ տեղ, կամ աշխատանքից հոգնած ուղևորվում դեպի տուն: Էլ ի՞նչ ժպտալու մասին կարող է գնալ խոսքը, եթե այդ ժամանակ մենք անգամ չենք նկատում նրանց, ովքեր փորձում են այդ ժպիտը մեր դեմքին առաջացնել:
Հունանը Հյուսիսային պողոտայում զբաղվում է ծաղրանկարչությամբ արդեն մոտ 2-2.5 տարի: Մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ է, սակայն այժմ գտել է մեծահասակներին ուրախ ապրել սովորեցնելու իր բանաձևը:
Նրա ամենասիրելի կերպարները տարեցներն են: «Սիրում եմ նկարել հիմանականում 50-60 անց մարդկանց, կարևոր չէ, կին, թե տղամարդ, քանի որ ինչքան դեմքը կնճռոտվում է, այնքան դիմագծերը ավելի են շեշտվում, և բնավորությունը ընդգծվում»,- պատմում է Հունանը, ցուցադրելով իր պապիկի ծաղրանկարը:

Ու՞մ չի սիրում նկարել Հունանը: Որքան էլ զարմանալի կհնչի, նրա չսիրած հերոսները երեխաներն ու գեղեցկուհիներն են: Եթե առաջինների դեպքում խնդիրը չձևավորված խառնվածքն է, ապա գեղեցկուհիների մասին նա ասում է. «Սիրուն աղջիկներին հատուկ չեմ կարող տգեղացնել, և թերությունների բացակայության դեպքում դրանք հորինեմ»: Սակայն լավ տրամադրության դեպքում անում է նաև բացառություններ:
Սակայն այսպիսի պահերն էլ դառնում են ժպիտի և անգամ լիաթոք ծիծաղի առիթ: Երևի հենց սա է ուրախ ապրելու բանաձևը…