Անկայուն վիճակ. մանկատան երեխաների համար արդեն հինգ տարի գործող պետական ծրագիրն անարդյունավետ է դառնում

Posted: Декабрь 14, 2011 by anahitsimonyan in Zэфир+

2006 թվականից Հայաստանում ներդրված պետական ծրագրի շրջանակներում մանկատան ընդամենը 25 երեխաներ են որդեգրվել: Փորձագետների խոսքով` մանկատների բեռնաթափմանն ուղղված «Խնամատար ընտանիք» ծրագիրը նաև հոգեբանական խնդիր է լուծում: Սակայն անբավարար ֆինանսավորումը նշվում է որպես ծրագիրը դանդաղեցնելու պատճառներից մեկը:

Հայաստանում կա 11 մանկատուն, որից չորսը մասնավոր են, և որոնք կացարան են տրամադրում ծնողների խնամքից զրկված ավելի քան 1200 երեխայի: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանն ասում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում փորձում են այդ ընտանիքների թիվն ավելացնել: Սակայն խնամատար ընտանիքներին չի բավականացնում ամսական տրամադրվող 70.000 դրամը (200 դոլար), խնամատար ընտանիքներում ծնողներից մեկին տրվում է նվազագույն աշխատավարձի չափով գումար (32.500 դրամ, 85 դոլարից պակաս): Պետության միջոցներն էլ չեն բավականացնում այդ գումարն ավելացնելու համար:

«Սակայն դա չպետք է պատճառ լինի, որ գործընթացը դանդաղի կամ կիսատ մնա, քանի որ պետությունն ընդհանրապես պետք է ամեն կերպ ուշադրություն դարձնի անապահով ընտանիքներին, որպեսզի երեխան չհայտնվի մանկատանը»,- ասում է նա: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, հավանության արժանացնելով ներդրված ծրագիրը, քննադատում է կառավարությանը` պետբյուջեից խնամատար ընտանիքներին տրամադրվող գումարի չափը չավելացնելու համար:

«Օրինաց երկիր» կուսակցությունից Գագիկ Բաղդասարյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կազմակերպած ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորական խմբով այցելել է Նորվեգիա և ծանոթացել Երեխաների իրավունքների պաշտպանության գրասենյակի աշխատանքներին և այս ոլորտի աշխատանքներին: «Կարծում եմ` Հայաստանում էլ իմաստ ունի ու շատ կարևոր է ներդնել նման ինստիտուտ, որը կզբաղվի մեզ բոլորիս հուզող խնդիրներով` մանկատների բեռնաթափում, մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիր, խնամատար ընտանիք և այլն»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկ այլ` 2003 թվականից սկսած «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով գնվել է 40 բնակարան, որից 28-ում ոչ ոք չի բնակվում, իսկ մյուս 12 բնակարաններում ապրողներն էլ բողոքում են կենցաղային վատ պայմաններից: 2012-ին, ինչպես նաև 2011-ին, պետական բյուջեից գումար չի հատկացվի մանկատների շրջանավարտներին բնակարան գնելու համար: (Օրենքով` մանկատան երեխաները պետք է դուրս գան այնտեղից 18 տարին լրանալուց հետո: Ներկայումս 300 նման շրջանավարտ կա, որոնք սպասում են իրենց բնակարաններին, որոնք օրենքով իրավունք ունեն ստանալ դրանք: 2012-ին ևս 15 շրջանավարտներ պետք է սպասեն պետության կողմից օրենքով սահմանված բնակարանի իրենց հերթին:) 2010 թ. հուլիսին ԱԺ վերահսկիչ պալատը հայտարարեց պետական ծրագրի շրջանակներում երեք ընկերության կողմից գրանցված չարաշահումների մասին, ինչը կազմում էր 1 մլրդ 237 մլն 500.000 դրամ (3,2 մլն դոլար):

«Ծրագիրը չի իրականացվելու, քանի որ 2003-2009 թթ. ընթացքում գրպանվել են այդ ծրագրերի համար հատկացված գումարները: Ասում են, որ վերցնելու են այն 28 բնակարանները, որոնցում շրջանավարտները հրաժարվում են բնակվել, և հանձնելու են այլ շրջանավարտների, իսկ այդ տուն կոչվածում շունն էլ չի ապրի»,- ասում է Անահիտ Բախշյանը։ Չարաշահումներ իրականացրած ընկերություններից առգրավված ֆինանսական միջոցները քաղաքաշինության նախարարությունը 2012-ին կօգտագործի Գյումրում ու Ստեփանավանում սոցիալական տներ կառուցելու համար:

Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ 18 տարին լրացած իրենց շրջանավարտներին պահում է մանկատանը, եթե նրանք գնալու տեղ չեն ունենում: «Շատ ցավոտ խնդիր է: Պետությունը պետք է մանկատնից հետո միջանկյալ օղակ ունենա, որտեղ գոնե 4 տարի կապրեն 18 տարին լրացած երեխաները, մինչև ինքնահաստատվեն»,- ասում է նա: (Հայաստանում 18 տարին լրացած երիտասարդները 2 տարով պարտադիր զինվորական ծառայություն են անցնում, ինչը որոշ չափով միջանկյալ հաստատություն է դառնում մանկատան շրջանավարտների համար: Սակայն, իրականում, դա հազվադեպ է օգնում մանկատան շրջանավարտներին զորացրվելուց հետո նորմալ կյանք սկսել, ավելի հաճախ նրանք կրկին բախվում են նույն խնդիրներին, որոնք ունեին զորակոչից առաջ:)

Գավառի մանակատան դեպքում խնդիրը նաև լուծվում է Էջմիածնում գործող «Մեր տունը» ՀԿ-ի միջոցով, որտեղ ամեն տարի տեղափոխվում են մանկատան 5 շրջանավարտներ` այնտեղ անցկացնելով չորս տարի` համաձայն նախապես կնքված պայմանագրի: Մինչ այդ ավարտում են բուհը, պետությունից բնակարան ստանում և կյանք մտնում ավելի կայացած:

26-ամյա Անի Առաքելյանն ապրում է «Մեր տունը» ՀԿ-ում: Այստեղ է եկել Գավառի մանկատնից, արդեն վեց տարի է` բնակարանի հերթում է: «Մեր տունը» ՀԿ-ի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել է նոյեմբերին, բայց կազմակերպության տնօրինությունը շարունակում է իր տանիքի տակ պահել Անիին, որովհետև նա գնալու տեղ չունի: Երկու շաբաթ առաջ Անին մանկատների մի քանի շրջանավարտների հետ հանդիպել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ: Անիի խոսքով` նախարարը նրանց ներկայացրել է սոցիալական տների ծրագիրը. «Չեմ կարծում, թե կգնամ մարզում ապրելու, ես այնտեղ չեմ կարող աշխատանք գտնել, ես այնտեղ ոչ ոք չունեմ»,- ասում է մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան Անին: Նույն վիճակում է նաև 26-ամյա Հասմիկ Գյուրջինյանը, որի պայմանագրի ժամկետը նույնպես լրացել է: Հասմիկն աշխատում է Էջմիածնի թիվ 10 մանկապարտեզում: Աղջիկներն անելանելի վիճակում են` «Մեր տունը» ՀԿ-ից դուրս գալու նրանց վերջնաժամկետը գալիք տարվա մարտի մեկն է:

Добавить комментарий

Fill in your details below or click an icon to log in:

Логотип WordPress.com

You are commenting using your WordPress.com account. Log Out / Изменить )

Фотография Twitter

You are commenting using your Twitter account. Log Out / Изменить )

Фотография Facebook

You are commenting using your Facebook account. Log Out / Изменить )

Connecting to %s